Երեկ օրվա առաջին կեսը «Ելք» դաշինքինն էր, երեկոն՝ ՀՀԿ-ինը: Գուցե պատահականորեն, գուցե օրինաչափորեն՝ ստացվեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցող իշխանությունն ու ընդդիմությունը այդքան ակնհայտ դարձրին իրենց տարբերությունը:
ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած որևէ քաղաքական ուժ կամ դաշինք իր ղեկավարներին ընտրելու այդ տարբերակին չէր դիմել՝ «Ելքի» առաջին եռյակը որոշվեց լրագրողների ներկայությամբ կատարված քվեարկությամբ: Եթե այս տարբերակը համեմատվում է մյուս կուսակցությունների ու հատկապես դաշինքների հետ, որ ավելի շատ հայտարարություններ են տարածում, թե ով ինչու հեռացավ կամ ով ինչից ու ինչու է ձեռնպահ մնում, ակնհայտ է, որ «Ելքը» միակ կանխատեսելի դաշինքն է: ՈՒ աստիճանաբար «Ելքն» է դառնալու ծանրության կենտրոնը՝ հակառակ, որ դաշտում ֆինանսական անվերահսկելի միջոցներ են շրջանառվում, ստվերային գործիչներ են որոշումներ կայացնում ու գործընթացներ են կատարվում, որոնց ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի տրվում, բացի ընտրական նպատակահարմարությունից:
Հրապարակային քվեարկությունից առաջ «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընտրել են ցուցակը կազմելու այս ձևը որպես ժողովրդավարության ու ինստիտուցիոնալ ղեկավարման հիմք: «Ինչ արդյունքներ էլ ունենանք, բոլորս իրար շնորհավորելու ենք ու ցանկացած լուծում լինելու է բոլորիս հաղթանակը»՝ հայտարարեց նա: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը փաստեց, որ իր համար կարևոր չէ, թե ով որ համարի տակ կլինի. «Մեր դաշինքում առաջին եռյակը որոշումներ չի կայացնում, կայացնում է քաղաքական խորհուրդը` կոնսենսուսով»: «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ իր համար ևս կարևոր չէ, թե որ տեղում կլինի ցուցակում. «Ամեն դեպքում ես հաջողակ մարդ եմ, որտեղ էլ լինեմ, դաշինքը հաղթելու է»:
«Հաջողակ մարդուն» գործընկերները քվեարկությամբ տվեցին ցուցակի առաջին տեղը, երկրորդ «հաջողակը» Արամ Սարգսյանն էր, երրորդը՝ Նիկոլ Փաշինյանը։ Հետո նրանք պատասխանում էին լրագրողների հարցերին ու պատասխաններից էլ ակնհայտ դարձավ, որ դաշինքում կա տեսակետների ընդհանրություն ու կանխատեսելիություն: Սա իսկապես ելքի դաշինք է, որով ոչ միշտ, բայց վերջանում են փակուղիները:
Երեկոն ՀՀԿ-ինն էր: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ նիստում քննարկվել են կուսակցության նախընտրական ռազմավարության ու մարտավարության հարցեր, պարզվեց՝ «ՀՀԿ շտաբը կղեկավարեն գործադիր մարմնի բոլոր անդամները՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու հենց այդ մարմինն էլ կհամակարգի քարոզարշավը»: ՀՀԿ տարածքային ցուցակում 133, համամասնականում 64 թեկնածուներ են։
«ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը, երկրորդը՝ Տարոն Մարգարյանը, երրորդը՝ Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը՝ Արա Բաբլոյանը, հինգերորդը՝ Արմեն Ամիրյանը»,- ասաց նա։ Ցուցակում հաջորդաբար կլինեն Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը, Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը։ Ոչ Էդուարդ Շարմազանովը, ոչ որևէ մեկը կուսակցությունում, բացի նախագահից, չեն կարող բացատրել այս դասավորությունը: ՀՀԿ-ում կա ամեն ինչ, բացի կանխատեսելիությունից ու իմաստավորվածությունից: Որքան էլ որոնես որևէ չափանիշ, տրամաբանություն, օրինաչափություն իշխող կուսակցության ընտրացուցակի բարձրաձայնված հատվածի մեջ, չես գտնելու: Կա կուսակցության նախագահի՝ նրանց աշխատանքի գնահատականը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ էր հայտարարել, որ բոլորի տեղը գիտի, բոլորի աշխատանքը տեսնում է ու գնահատում, համարյա թե ասել էր՝ ոտատակ մի ընկեք՝ չեմ հանդուրժելու: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ կուսակցությունն անձնական օգտագործման պարագաների հավաքածու չէ, նրանք բոլորն էլ հանրային դեմքեր են, որ բացի Սերժ Սարգսյանից, նաև հանրությանն են հայտնի իրենց գործունեությամբ և ընտրացուցակի ողջ տրամաբանությունը պիտի միտվի հանրությանը հասկանալի, հիմնավորված ու հավատարժան լինելը՝ ընտրողից են քվե ստանալու, ոչ թե ՀՀԿ նախագահն է որոշելու ընտրության արդյունքները՝ համենայն դեպս՝ դատելով բարձրաձայնված հայտարարություններից, հավաստիացումներից ու խոստումներից: Մինչդեռ կուսակցությանը մի քանի ամիս ու օր առաջ անդամակցածներին ցուցակում տրված նախապատվությունը պիտի բացատրվի:
Պարզունակ է հնչելու, եթե հայտարարվի, որ կուսակցությունն ընտրողին ցանկանում է ներկայանալ երիտասարդ դեմքով ու նոր անուններով: ՀՀԿ-ն նրանց հույսին չէ հաստատ: Վստահ եղեք, որ նույնքան չպատճառաբանված ու անկանխատեսելի են լինելու ՀՀԿ ցուցակի մյուս տասնյակները: ՈՒ նրանց բոլորին մուտք է պետք՝ մուտք դեպի իշխանության դրախտը՝ կուսակցության քավարանով: Իսկ ժողովուրդը իբրև ընտրող միջոց է, որ մուտքը ստացվի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ոչ միայն պարզվեց, որ ՀՀԿ ցուցակում չի լինելու վարչապետ Կարեն Կարապետյանը, այլև՝ չկա նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ չի ցանկանում դառնալ, բայց չի նշանակում, որ վարչապետ չդառնալ է ցանկանում: Վարչապետի հարցը բաց է մնում: Չի բացառվում, որ ինչպես 2017-ին համատիրությունը Կարեն Կարապետյանին Հայաստանում բնակության տեղեկանք չտվեց, այնպես էլ 2018-ին չտա և նրա վարչապետությունը հայտարարվի հակասահմանադրական: Մի գուշակեք՝ Սերժ Սարգսյան, թե Վիգեն Սարգսյան՝ ո՞վ կլինի վարչապետը: Նախ՝ ՀՀԿ-ն պետք է հաղթի ընտրություններում և մեծամասնություն ունենա խորհրդարանում՝ նախագահ ու վարչապետ նշանակելու համար, հետո էլ ՀՀԿ-ն երբեք չի եղել կանխատեսելի, բոլոր որոշումները ընդունվել են կամայական, իսկ կամայական որոշումներն ունենում են կամայական դրդապատճառներ: Տասնյակ ներկա ու անցյալ ՀՀԿ-ականներ դա կարող են հաստատել: Բայց՝ մտքում, որովհետև բարձրաձայն նրանց արտոնված է միայն պահպանել կուսակցական կարգապահությունը ու համաձայնել կուսակցության նախագահի հետ: Նրանք այլ ելք չունեն՝ մուտքից կզրկվեն:
Իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, ազատ են ելքի ու մուտքի ընտրության մեջ: